Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Զոլյանին կհեռացնե՞ն

Զոլյանին  կհեռացնե՞ն
13.04.2012 | 00:00

Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը հրաժեշտ կտա իր աթոռին։

Մինչ այդ, նկատենք, որ ռեկտորի «հակաօրինական ուղևորությունն» արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Զոլյանի արտասահմանյան այցը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խիստ նկատողությանն արժանացավ, ինչին հաջորդեց նախարար-ռեկտոր հեռակա փոխհրաձգությունը: «Ո՞Ւմ հետ էիր շաշկի խաղում»` զայրացել է շախմատասեր Աշոտյանն ու «վերադասի հանձնարարականը» չկատարելու, հանրապետությունից բացակայելու համար կարգապահական տույժի ենթարկել քաղաքական վերլուծությունների սիրահար Սուրեն Զոլյանին: Վերջինս էլ տակ չի մնացել ու անվանարկել է վերադասին` «ոչնչություն» համարելով:

Սակայն պարզվել է, որ նախարարը հիմքեր ունի ոչ միայն արտասահմաններից «տուն» բերելու Զոլյանին, այլև բուհում ստուգումների արդյունքում հայտնաբերած խախտումներով պատին «դեմ տալու»: Ստուգումներն իրականացվել են մարտի 20-27-ին, այսինքն, այն ժամանակ, երբ Սուրեն Զոլյանը դեռ միտք չուներ մեկնելու Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի լիագումար նիստին:

Երեկ նախարարությունն արդեն հրապարակել էր բուհում արձանագրված խախտումները, որոնք վերաբերել են համալսարանի ռեկտորի հաստատած ներքին իրավական ակտերին և ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձևակերպման գործընթացների իրականացմանը։ Ըստ այդմ, առկա փաստերը հակասում են ՀՀ օրենսդրությանը։ ԿԳ հաղորդագրության համաձայն, օրենքով նախատեսված չէ անհատական ժամանակացույցով ուսուցման ձև, սակայն ռեկտորը հաստատել է կարգ, որով նախատեսվում և իրականացվում են անհատական ժամանակացույցով ուսուցում և այլն։ Պարզվել է, որ անբավարար արդյունքներ ունեցող շրջանավարտները կարող են վերահանձնել ոչ ուշ, քան հինգ տարի հետո և երկու անգամից ոչ ավելի։ Սա ուսանողների իրավունքների կոպիտ ոտնահարում և սահմանափակում է։ Նախարարությունը տեղեկացրել է նաև, որ կատարվել է ներբուհական տեղափոխություն առաջին կուրսում առանց ակադեմիական տեղեկանքի, ձևակերպվել է հետին թվով ակադեմիական արձակուրդ` առանց բժշկական տեղեկանքի և այլն։ Խախտումների որոշ մասն էլ վերաբերում է դիպլոմների լրացման գործընթացին, ինչի հետևանքով գոյություն չունեցող մասնագիտություններով (օրինակ, անգլերեն և երկրագիտության) դիպլոմներ են տրվել։

Մինչ հաջորդ կողմի արդարացումները կհրապարակվեն, նկատենք, որ այս «խմորը» վաղուց է հունցվել ու դեռ շատ ջուր կվերցնի: Հարկ է փաստել, որ կրթության ոլորտը, որքան էլ պատասխանատուները պնդեն հակառակը, միևնույն է, այս փոքր երկրում չի կարող չքաղաքականացվել: Առավել ևս, որ հիշյալ բուհի ռեկտորը երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական դիրքորոշումը՝ պարբերաբար քաղաքական թեմաներով «ասուլիսվելով»: Ռեկտորի կողմնորոշումներն ավելի որոշակիացան 2010-ին, երբ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 10 մլն դրամով «բարեգործեց» բուհին: Ասում են, սրանից հետո Զոլյանի միտքը «ծռվել» է՝ սիրտը ԲՀԿ-ի «միս» է ուզում:

Մեր տեղեկություններով, ԿԳ նախարարը նպատակ ունի ոչ միայն սահմանափակելու «քաղաքականացված» Զոլյանի դրսի շփումները, այլև վերջինիս ընդհանրապես հեռացնելու բուհից:

Ակնհայտ է մի բան. երկար տարիներ ռեկտորի աթոռին ամուր «բազմած» Զոլյանին բուհից հեռացնելը հաստատ առանց «ցնցումների» ու փոխադարձ վիրավորանքների գլուխ չի գա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ